ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ապրում ենք Սանչո Պանսայի պես ու ծիծաղում Դոն Կիխոտի վրա

Ապրում ենք Սանչո Պանսայի պես ու ծիծաղում Դոն Կիխոտի վրա
04.06.2013 | 01:38

Շնորհավորում եմ բոլորիդ` 2013-ի քաղաքական անդորրը սկսվեց: Բոլորդ կարող եք անցնել վաստակած հանգստի կամ աշխատանքի` շարունակելով նույն կենսակերպը, որով ապրել եք, այդպես ապահով է: Առաջադրված արդյունքով ավարտվեցին բոլորամակարդակ ընտրությունները ու այլևս 4-5 տարի ոչ մի ասֆալտ, ոչ մի խաղահրապարակ, ոչ մի համերգ-մամերգ` թեկնածուի հետ հանդիպման անվան տակ: Հիմա արդեն հանգստանա՞լ եք ուզում, ձեզ կառաջարկեն Բերմուդյան եռանկյունին: Աշխատե՞լ եք ուզում, գործում է «Հայրենակիցներ» ծրագիրը: Ոչինչ չե՞ք ուզում, ձեր պրոբլեմն է: Քաղաքական ամառը համարյա ոչնչով չի տարբերվում օրացուցային ամառից` նույն տաղտուկը, նույն տաքուպաղը` հիմքում նույն անփոփոխ ընթացքը` գնում ենք դեպի աշուն:
Ընտրությունների ավարտին ով ինչ էր ակնկալում` չգիտեմ, բայց գոյություն ունեն օրինաչափություններ, որ գործում են համանման դեպքերում: Ընտրություններից առաջ քաղաքական դաշտում միջկուսակցական ու ներկուսակցական քննարկումներ են սկսվում: Ընտրություններից հետո քաղաքական դաշտում ընտրության արդյունքներին համապատասխան վերադասավորումներ են կատարվում: Ի՞նչ եղավ Հայաստանում: Խորհրդարանական ընտրությունների գլխավոր հարցը` ի՞նչ խաղեր են տալիս ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, նախագահական ընտրությունների գլխավոր հարցը` ի՞նչ խաղեր են տալիս Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Իսկ ընդդիմադիր դաշտի մնացած քաղաքական ուժերը հանգիստ տեղավորվում էին միջակայքում ու սպասում իրենց աստեղային ժամին` երբ դաշտը կդատարկվի: Հենց այդպես 5 պատգամավորից բաղկացած խմբակցություն ունեցող «Ժառանգությունը», որ իրականում այնքան էլ «Ժառանգություն» չէր, որովհետև «Ազատ դեմոկրատ» էլ էր, նախագահական ընտրություններում համարյա կրկնում է ու անցնում է ԲՀԿ-ի` երկրորդ ուժը լինելու ռեկորդային ցուցանիշը տոկոսային արտահայտությամբ: Իշխանական դաշտում նույն անդորրն է` ՀՀԿ, ՀՀԿ, ՀՀԿ` գործադիր, օրենսդիր ու մայրաքաղաքային մակարդակներով, տեղ-տեղ էլ` ՕԵԿ` կոալիցիոն սկզբունքով: Այդպես էլ երրորդ դաշտ չստեղծվեց` այլընտրանքի ընկալումը չընկալվեց, ԲՀԿ-ն, որ իշխանություն չէ, և ԲՀԿ-ն, որ ընդդիմություն չէ, մնաց մարգինալ կարգավիճակում: Բայց շատ ուրույն մարգինալ, այնքան ուրույն, որ քաղաքական դաշտում, իբրև որևէ համախմբման առանցք, կատարում է ցախավելի դեր` թույլ չտալով, որ որևէ անկյունում կուտակվի միասնության, համախմբումի կամ կոնսենսուսի քաղաքական աղտը: ԲՀԿ-ն իբրև այլընտրանք` քաղաքական դաշտի ժամապահն է, որ զինված է խիստ արդիական զենքերով, բայց դատարկ են փամփուշտները: Որովհետև ԲՀԿ-ն իրականում չի պատրաստվում կրակել` «Կա, որովհետև ստեղծել են, չի լինի, որովհետև քանդել են» բանաձևով: Ճիշտ` ինչպես մյուս կուսակցությունները:
Քաղաքական դաշտի կենսունակության քաղաքական թեստ էր գազի սակագնի հարցը: Եվ ի՞նչ: Քաղաքական կամ տնտեսագիտական քանի՞ վերլուծություն եղավ, քանի՞ գնահատական հնչեց, ձևակերպվե՞ց քաղաքական պահանջ: Հարցի քննարկման հարթության մեջ առավելագույնն առաջարկվեց ռուսական ռազմաբազաների կարգավիճակի վերանայում, ու` վերջ: Որովհետև առաջարկը մնաց առաջարկ: Որովհետև սոցիալականացվեց խնդիրը: Որովհետև սոցիալականացված խնդիրը տեղնուտեղը տեղափոխվեց փոխհատուցումների խոստումների դաշտ: ՈՒ` համարյա փակվեց: Գները կբարձրանան ու կբարձրացնեն առաջին ու վերջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները, և ժողովուրդը կվճարի, իսկ կուսակցությունները կլռեն հայ-ռուսական խորհրդավոր հարաբերությունների իրենց անձնական հավակնությունների համատեքստում: Կառավարությունն էլ կշարունակի տնտեսության դիվերսիֆիկացումը «Ռուսաստանը` երկնքում, Ռուսաստանը` երկրի վրա, Ռուսաստանը` գետնի տակ» գծակարգով, ինչ պակաս դիվերսիֆիկացիա է` և՛ երկնքում, և՛ երկրի վրա, և՛ գետնի տակ: Իսկ որևէ մեկի մտքով մի թեթև անցա՞վ հաշվարկել, թե ատոմակայան ունեցող ու մեծ արդյունաբերություն չունեցող երկրում իրականում ինչքա՞ն է էլեկտրաէներգիայի գինը, ինչքա՞ն է գազի սպառման պահանջարկը իրականում, ի՞նչ հնարավորություններ կան չունեցածի փոխարեն ունեցածն օգտագործելու: Որևէ մեկի մտքով մի թեթև անցա՞վ հաշվարկներ կատարել, թե ինչն է ավելի շահեկան` ձգել ու ձգե՞լ Մեծամորի կյանքը, նոր բլո՞կ կառուցել, թե՞ նոր ատոմակայան կառուցել:

Որևէ մեկը մտածե՞ց, որ երկրի ռազմավարական-մարտավարական, քաղաքական, տնտեսական, բարոյական, հոգեբանական շահը թելադրում է նոր ատոմակայանի շինարարություն: Եվրոպայից ԱՄՆ` որ երկիրն ասես կարող է այդ շինարարությանը շաղկապվել, բայց ոչ Ռուսաստանը, որովհետև խելամիտ տանտիրուհին բոլոր ձվերը նույն կողովում չի դնում. ձվածեղը` ձվածեղ, բայց մի օր էլ խաշած ձու կարող ես ուտել:
Անկախության 20 տարին բոլորելուց հետո կարելի է, չէ՞, այլևս մանկական սխալներ չանել: Ավելի ստույգ` քանի՞ տարեկանից է սկսվում սխալի ու ճշտի ըմբռնումը: Մի՞շտ է, որ քաղաքական նպատակահարմությունը տանուլ է տալիս պետական շահը:
Ի վերջո` ե՞րբ է Հայաստանի կողմնորոշումը դառնալու ինքնորոշումը: Ե՞րբ է ընկալվելու, որ ինքնորոշման հիմքում պետական շահի բարձրագույն գիտակցությունն է ոչ մեկ օրվա կտրվածքով, այլ գոնե երեք: Իսկ ավելի լավ է` յոթ կամ տասը: Ոչ թե օրվա, այլ տարվա: Որովհետև երկիրը պետք է հեռանկար ունենա, երկիրը պետք է ամբիցիա ունենա, երկիրը պետք է իդեալ ունենա: Ծրագրված: Հաշվարկված: Անխուսափելի, որ կախված չէ օրվա իշխանությունից, իշխանավորի անձից, անձի հատկանիշներից: Երկիրը պետք է կանխատեսելի քաղաքականություն ունենա: Մեր կանխատեսելիությունը սկսվում ու ավարտվում է այն կետում, թե որքան է հնարավոր անորոշությունը ձգել: Կամ` ով ավելի շատ կվճարի, նա էլ կորոշի՞: Որևէ մեկը մի թեթև վստա՞հ է, որ հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունները հնարավոր է զուգահեռ հարթությունների մեջ զարգացնել: Զարգացնել` առանց այդ հարթությունների հատման: Ռուսաստանին մինչև ե՞րբ է հաջողվելու միակը և աննմանը մնալ Հայաստանի ազգային օրակարգում` փակելով ոչ միայն այլընտրանքների ձևավորման հնարավորությունը, այլև Հայաստանի զարգացման: Եվրասիական միությունը Հայաստանի համար դագանա՞կ, կարկանդա՞կ, թե՞ իրական հնարավորություն է, դո՞ւռ է բացում, թե՞ դուռ է փակում: 2015 թվականին ստեղծվելիք միության պատճառով 2013 թվականին Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը կասեցնելո՞ւ ենք, թե՞ խորացնելու ենք: Մաքսային միության հետ սահմաններ չունենալն ընդամենը ժամանակի՞ խնդիր է, թե՞ պատրվակ` անդամակցության խնդիրը ձևականորեն քննարկելու, իրականում վաղուց համաձայնած լինելու: Բոլորին «այո» և ոչ մեկին «ոչ» չասելը քաղաքական ճկունությո՞ւն է, թե՞ ապաքաղաքական անսկզբունքայնություն: Մենք ձևավորում ենք կոմպլեմենտարիզմի նո՞ր որակ, թե՞ դա հենց անորակ քաղաքականությունն է, որ չունի արդյունքներ, այլ ընդամենը հետևանքներ, որոնք վերացնելու կամ կասեցնելու ճիգերով ավելի ու ավելի ենք խրվում ծուղակը:
Խորհրդարանը կավարտի նստաշրջանը (ԱԺ նախագահը արդեն սկսել է պաշտոնական ու զբոսաշրջային սեզոնը Բալթիկ ծովի հյուրընկալ ափեր), քաղաքական երկրաշարժեր ու հրաբուխներ խոստացող, քաղաքական կայունություն ու զարգացում խոստացող, այլընտրանքորեն չկողմնորոշվող ու ավանդականորեն ապակողմնորոշող բոլոր ուժերը կգնան ամառային հանգստի: Մենք սպասում ենք, նրանք վերադառնում են ու ներկայանում են ճակատագիր: ՈՒ քանի որ ընդունում ու համաձայնում ենք, իրենք իրենց լուրջ են ընդունում ու ստիպում են, որ մենք էլ հավատանք: Այդպես կամ համարյա այդպես քաղաքական ասպարեզը դառնում է վիրահատարան, որտեղ ամեն օր անդամատում ու դեն են գցում կենսականորեն կարևոր թե հիվանդ, թե առողջ օրգանները, քանի որ տարբերել էլ չգիտեն, բուժել էլ: Իսկ վիրահատական սեղանին երկիրն է, որ վաղուց արդեն ծովից ծով չէ ու գերբնակեցված էլ չէ: Դուրս եկեք Երևանից համապետական նշանակության որևէ ճանապարհ, անցեք մեկ ժամ ու հաշվեք համընթաց ու հանդիպակաց մեքենաները: Օրվա ամենաբանուկ ժամին: Երկու ձեռքի մատները հերիքելու են: Դա ձեզ ոչի՞նչ չի ասում: Խորհրդարանը կգնա հետունախանստաշրջանային օրինական արձակուրդի, կառավարությունը կշարունակի աշխատել, քաղաքացու կյանքում որևէ փոփոխություն կլինի՞: Ընդդիմությունը կշարունակի երկիրը ներկայացնել հոգեվարքի ճիրաններում, իշխանությունը կշարունակի երկիրը ներկայացնել դրախտային պատկերի կանոններով, տեղեկատվության զանգվածային տարածման միջոցները` ըստ պատկանելության, հոդաբաշխ խոսք ո՞վ է ասելու: Տեղեկացված ես` ուրեմն զինված ես, ո՞ւր ենք գնալու այսպես զինված ու այսքան անզեն: Ո՞վ է երկիրը հանելու խրամատներից, որ կառուցել են կուսակցությունները` իրենք էլ խրամատավորվելով քաղաքական դաշտում, բայց ոչ ռեալ իրականության մեջ:
Այս հարցերն այսօր արդեն չպիտի լինեին, այս հարցերին վաղուց ու որոշակի պատասխաններ պիտի տրված լինեին: Վաղուց բոլորովին այլ որակի ու մակարդակի հարցեր պիտի լինեին պետության ու քաղաքացու օրակարգում: Իսկ մենք ապրում ենք ընտրությունից ընտրություն փոփոխությունների սպասումով, միջակայքում ոչինչ չանելով, որ ընտրությունը լինի ընտրություն ու փոփոխությունը դառնա հնարավոր: Մենք դարձել ենք գերսպառող հասարակություն, համարյա թե սպասարկման ոլորտ նաև գաղափարական-հոգևոր հարթության մեջ: Սպասարկման ոլորտ, որ սպասարկում է ուրիշի շահերը, և սպառող, որ իսպառ դադարել է արտադրել: Մենք այլևս ի զորու չենք նոր գաղափարներ, նոր լուծումներ, նոր դեմքեր ասպարեզ բերել: Իսկ եթե ի զորու ենք, չենք անում, որովհետև ապարդյուն ու անիմաստ ենք համարում: Դոն Կիխոտը կարդացել ենք ու հասկացել ենք միայն այն, որ հողմաղացների դեմ սրով չեն պայքարում, Սերվանտեսին չենք հասկացել, Լամանչեցի ասպետին չենք հասկացել, մենք մեզ էլ չենք հասկացել: Բայց ապրում ենք Սանչո Պանսայի պես ու ծիծաղում Դոն Կիխոտի վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Քաղաքականությունը սկիզբ ու վերջ չէ, ընդամենը մասն է հասարակության կյանքի: Որքան աղքատիկ ու դատարկ է հասարակության հոգևոր կյանքը, այնքան կարևոր ու որոշիչ է քաղաքականության դերը հասարակության կյանքում: Մենք քաղաքականությունը հաջողությամբ փոխարինել ենք իրենց քաղաքական համարող գործիչների պատմությամբ: Այդ պատճառով էլ մեր երկրում քաղաքական իրադարձություններ են` ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ ասաց ու չասաց-ը, քաղաքական վիթխարի նշանակության իրադարձություններ են` ում թիկնապահը ում թիկնապահի վրա կրակեց: Գազի գինը կարող է եռապատկվել ու քառապատկվել, էլեկտրաէներգիայինը` բազմապատկվել, հացի գինը մսի գին դառնալ, ոչինչ, կկրակի՞ հերթական մականունավորը մեկ այլ մականունավորի վրա, քաղաքական ուժերը կարթնանան, հասարակական կազմակերպությունները բեմ կբարձրանան, լրատվամիջոցները տոնական մեկամսյակ կհայտարարեն, իսկ եթե չվրիպեց, նաև` օրինական, իրավական ու մարդկային աուտոդաֆե: Հասարակությունն ընտելացել է կեղծ արժեքներով բուն արժեքները փոխարինելուն, որովհետև յուրաքանչյուր խրամատ ունի իր օրենքներն ու իր արժեքները, ու խորապես անտարբեր է մյուս խրամատի անցուդարձին: Եթե այսօր որևէ հայ գրող Նոբելյան մրցանակի արժանանա, նրա մասին կխոսեն բոլորը, նրա գրքերը կկարդան նրանք, ովքեր մինչ մրցանակն էլ կարդացել էին: Հանրային գիտակցությունը խոր թմբիրի մեջ է ու սպասում է, թե ինչ կմատուցեն իրեն իբրև նախաճաշ, թեպետ ինքը դեռ չի էլ լվացվել: ՈՒ առանձնապես ցանկություն էլ չունի, որովհետև սառը (կամ տաք) ջուրը խաթարում է իր անդորրը: Հասարակական: Քաղաքական: Անձնական: Իսկ մենք հոգնել ենք ու արժանի ենք, որ մեզ հոգ տանեն: Փակ շրջանակի օրենքը թելադրում է այստեղ վերջակետել, բայց շարունակվող կյանքը նաև այդ օրենքն է դարձնելու անվավեր: ՈՒ ի՞նչ եք անելու:

Դիտվել է՝ 2933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ